Դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։ Այս մասին գրում է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Իհարկե նախկինում այս աստիճանի երբեք չէին հասնում, կային չգրված սահմանափակումներ՝ աղջիկների, կանանց մասով, նույն տանից երկու հոգու մասով և այլն, առավել ևս, որ դատավորի օգնականին կալանավորելու բացարձակապես որևէ հիմք չկա, սակայն ակնհայտորեն ցանկանում են այս ճնշման միջոցով ցանկալի ցուցմունք ստանալ և ազատ արձակել, որպեսզի փրկեն խարխլված քրեական գործը։
Իսկ հիմա ամենակարևորը՝ առաջին իսկ փորձից կռահեք, թե Աջափնյակ 1 նստավայրում ում են տվել այդ դատավորի օգնականի կալանքի միջնորդության քննարկումը և ով է նրան կալանավորել»,-նշել է նա։
——————
Հիշեցնենք, ԲԴԽ-ն հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Գլխավոր դատախազության միջնորդությունները:
Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։
Էրիկ Ալեքսանյանի փաստաբանի խոսքով՝ գործը վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի վստահորդներից մեկին, որի նկատմամբ կիրառվել էր գրավ։ Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Հոկտեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումներով Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։