Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը` 18։00։ Տեղի կունենան առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում, որոնց կհաջորդի Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը:
Հանդիպումները լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներ ու լուսանկարիչներ, իսկ մամուլի ասուլիսին հրավիրվում են նաև լրագրողներ: