Ադրբեջանը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որ հայկական կողմը հանի զինծառայողների դիերը, այս մասին այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
«Մենք ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին, բայց, այս պահի դրությամբ, ադրբեջանական կողմը համաձայնություն չի տալիս, որ հայկական կողմը հանի մարմինները», – նշեց ՄԻՊ-ը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը:
«Մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի», – ասել էր Փաշինյանը: