Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառվելու կապակցությամբ դիմել եմ Փաստաբանների պալատի նախագահին․ Զորայր Հարությունյան

Փաստաբան Զորայր Հարությունյանը հայտնում է, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառվելու կապակցությամբ դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահին, նկատի ունենալով, որ իրականացվող քրեական հետապնդմամբ քրեաիրավական գնահատական է տրվել բուն փաստաբանական գործունեության իրականացմանը:

«Իբրև հանցանք է գնահատվել Է.Ալեքսանյանի կողմից Երևան քաղաքի դատարան իր պաշտպանյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդություն ներկայացնելը:

Այս խնդիրը վեր է Է.Ալեքսանյանի անձից ու վերաբերում է բոլոր փաստաբաններին: Նման իրավիճակում կարող ենք հայտնվել բոլորս:

Քրեական վարույթի առկայությունը ինքնին չի վախեցնում, վստահաբար այն Է. Ալեքսանյանի մասով կարճվելու է արդարացնող հիմքով: Սակայն Է. Ալեքսանյանի ազատության սահմանափակումը անընդունելի անհամաչափ ու անտրամաբանական է:

Հուսով եմ ՀՀ ՓՊ միջամտությունը որոշակի սթափեցնող ազդեցություն կունենա քրեական հետապնդման մարմնիններ վրա»,-նշել է նա։

—————————

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 17-ին տեղեկացրել էր, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

ԲԴԽ-ն նույն օրը, նշված օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, հրավիրել էր նիստ և դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունը բավարարելու որոշում էր կայացրել:

Մեղադրանք էր առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին.  Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այն փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ («Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել էր Փաստաբանների պալատի նախագահին):

Հոկտեմբերի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները։

Էրիկ Ալեքսանյանի պաշտպանը հայտնել է, որ նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել