Կառավարության որոշմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի՝ դառնալով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ

Կառավարությունը հոկտեմբերի 20-ի նիստին որոշում կընդունի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպելու։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 26-ի N 611-Ն որոշմամբ։

Որոշմամբ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 15-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված լիազորությունները վերապահված են Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը մեր երկրի մշակութային խոշորագույն կենտրոնն է: Այստեղ են անցկացվում գրեթե բոլոր կարևորագույն պետական նշանակության, միջազգային և համերգային խոշոր միջոցառումները։ Մարզահամերգային համալիրը հանդիսանում է Հայաստանի յուրահատուկ և իր բնույթով եզակի այցեքարտ:

Մարզահամերգային համալիրը շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին և գրեթե 40 տարի կապիտալ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։ Այսօր առաջնային լուծում պահանջող խնդիրներից են կենտրոնական աստիճանավանդակի կապիտալ շինարարությունը, հակահրդեհային և ջեռուցման համակարգերի արդիականացումը և վերազինումը, համերգային ու սպորտային դահլիճները (հատկապես սահադաշտը) ժամանակակից տեխնիկայով և գույքով վերազինելը և այլն։

          Տարածաշրջանում առաջատար դիրքեր պահելու համար խիստ անհրաժեշտ է Մարզահամերգային համալիրը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը։  Այս ամենն իրականացնելու համար պահանջվում են խոշոր ֆինանսական միջոցներ։ Պետությունն այդ միջոցները չունի, իսկ համալիրի կարգավիճակը հնարավորություն չի տալիս օգտագործել համալիրի ամբողջ ներուժը, քանի որ ոչ առևտրային կազմակերպությունները շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններ են։  Մարզահամերգային համալիրի ողջ ներուժն օգտագործելու դեպքում հնարավորություն կստեղծվի ոչ միայն լուծելու առկա խնդիրները, այլև այն կարող է դառնալ պետության համար շահութաբեր:

          Մյուս կողմից, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի գործունեության բոլոր ուղղությունները ենթադրում են ձեռնարկատիրական գործունեության տարրեր: Մարզահամերգային համալիրը իր գործառույթներով չի համապատասխանում ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակին: Բաժնետիրական ընկերության դեպքում ստացված շահույթի օգտագործումը, ի նպաստ համալիրի արդիականացման ու պահպանման, առավել արդյունավետ է: Դրանով կլուծվեն մի շարք խնդիրներ՝ շահույթը կուղղվի Մարզահամերգային համալիրի արդիականացմանն ու պահպանմանը, իսկ  Մարզահամերգային համալիրը կդառնա մրցունակ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կազմակերպաիրավական ձևը փոխելով բաժնետիրական ընկերության՝ կազմակերպությունը   «միջնորդից»  կվերաձևակերպվի «կազմակերպչի»:

Ոչ առևտրային կազմակերպությունից բաժնետիրական ընկերության վերակազմավորելու գլխավոր նպատակներն են`

– բիզնես մոդելի կառուցում և զարգացում,

– գործարար միջավայրի զարգացում,

– տնտեսական մրցակցություն,

– հովանավորչական և ներդրումային միջավայրի բարելավում,

– մշակույթի և սպորտի ոլորտում տնտեսական կարողությունների զարգացում,

– շահութաբերություն։

Մարզահամերգային համալիրն ունի ինչպես սեփականության իրավունքով պատկանող, այնպես էլ ՀՀ կառավարության որոշումներով ամրացված գույք։

Կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է՝

1. ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 26-ի N 611-Ն որոշմամբ՝ քաղ. Երևան, Կենտրոն համայնք, Ծիծեռնակաբերդի զբոսայգի 1 հասցեում գտնվող անշարժ գույքը,

2. ՀՀ կառավարության 2016թ. մարտի 3-ի թիվ 221-Ա որոշմամբ 5 անվանում շարժական գույք,

3. ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի թիվ 977-Ն որոշմամբ 2564 անվանում շարժական գույք և Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի զբոսայգի հասցեում գտնվող՝ 264.5 քառ. մետր մակերեսով անշարժ գույք,

4. ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 8-ի թիվ 503-Ա որոշմամբ՝ «TOYOTA COROLLA 1.6 GAS» («Տոյոտա Կորոլլա») մակնիշի տրանսպորտային միջոցը,

5. ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1541-Ա որոշմամբ GAZ 14 CHAYKA մակնիշի տրանսպորտային միջոցը։

Սույն Նախագծով առաջարկվում է՝ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ և շարժական գույքը հետ վերցնել ՊՈԱԿ-ից և անշարժ գույքն ու Նախագծին կից հավելված 2-ում նշված շարժական գույքն օգտագործման իրավունքով հանձնել բաժնետիրական ընկերությանը,

Ընկերության կանոնադրական կապիտալի չափի հիմքում ընկած է սեփականության իրավունքով Կազմակերպության կողմից մինչև 2022թ. հունվարի 1-ը ձեռքբերված գույքի գնահատված շուկայական արժեքը։

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն բաժնետիրական ընկերության ժողովը ձևավորում է գործադիր մարմին կամ նշանակում է գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի գործող տնօրեն Կարեն Ղազարյանը տնօրենի պաշտոնը ստանձնել է 2019թ. փետրվարին տնօրենի համար հայտարարված մրցույթում հաղթելու արդյունքում։ Տնօրենի և Պետական գույքի կառավարման կոմիտեի միջև կնքած աշխատանքային պայմանագրի համաձայն՝ Կ.Ղազարյանը ներկայացրել է   Համալիրի 5-ամյա զարգացման ծրագիր։ Ծրագրի իրականացման   գլխավոր նախադրյալը ՊՈԱԿ-ը ՓԲԸ-ի վերակազմավորելու հարցն է։

Մարզահամերգային համալիրն իր գործունեությունն իրականացնում է պետական բյուջեից տրամադրվող միջոցների և ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտների հաշվին։ Պետական բյուջեից համալիրին դրամաշնորհ տրամադրվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարությունը պետք է ապահովի հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։ Մարզահամերգային համալիր «Կարեն Դեմիրճյան» մշակույթի կենտրոնը և բարձրաքանդակներն ընդգրկված են ՀՀ կառավարության 07.10.2004թ. թիվ 1616-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

Կառույցի միայն կոմունալ ծախսերը՝ էլ.էներգիա և ջեռուցում, այն էլ խնայողաբար օգտագործման դեպքում (ոչ ամենօրյա ռեժիմով) կազմում է շուրջ 135 մլն.դրամ, այսինքն՝ գրեթե այնքան ինչքան տարեկան ֆինանսավորումն է։ Հարկ է նշել նաև, որ խնայողաբար օգտագործումն էլ իր բացասական հետևանքներն ունի՝ տաք և սառը օդի ջերմաստիճանի տատանումից վնասվում են կառույցի ջրային համակարգի խողովակաշարերը, որն էլ իր հերթին հանգեցնում է առավել բարդ խնդիրների։

Բաժնետիրական ընկերության վերափոխվելու պարագայում՝ ապահովելով տնտեսական գործունեության ճկունություն և որոշակի գործարքների օպերատիվություն, Համալիրը կստանա կառույցի զարգացմանն ուղղված բյուջեի ձևավորման և ավելացման հնարավորություն: Այս վերաձևավորումը ենթադրում է ոչ միայն կազմակերպաիրավական ձևի փոփոխություն, այլև կառույցի գործունեության քաղաքականության վերափոխում:

Ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական միջոցները և կարգավիճակը թույլ չեն տալիս  ներդրումներ  կատարել կազմակերպության համար անհրաժեշտ ոլորտները զարգացնելու համար, ինչպես նաև  օգտագործել ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումները:

Այս պարագայում ակնառու է, որ  ձեռնարկատիրական գործունեության սահմանափակումները չեն նպաստում Մարզահամերգային համալիրի գործունեության  արդյունավետության բարձրացման և զարգացման գործընթացին:

Համալիրը ժամանցի, զբոսաշրջության և հանգստի՝ Երևանի ամենախոշոր մշակութային կենտրոնի վերածելու և եկամտաբեր դարձնելու համար անհրաժեշտ է արդյունավետ շահագործել ինչպես կառույցի, այնպես էլ՝ շրջապատող ողջ տարածքի յուրաքանչյուր հնարավոր հատված։

Այս նպատակով Համալիրի զարգացման 5-ամյա ծրագրով առաջարկվել է երկարաժամկետ վարձակալության հանձնել մի շարք տարածքներ։ Կառույցում առկա են մի քանի խոշոր տարածքներ, որոնք կառույցի շահագործման հանձնելուց հետո ընդհանրապես չեն վերանորոգվել։ Այդ տարածքները վարձակալությամբ տրամադրելու դեպքում միաժամանակ կլուծվեն մի քանի խնդիրներ, մասնավորապես՝ վարձակալող ընկերության կողմից կիրականացվի կառույցի տվյալ հատվածի կապիտալ վերանորոգում, Մարզահամերգային համալիրը կստանա լրացուցիչ և մշտական եկամտի աղբյուր, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա տարածքի գրավչությունը ոչ միայն տեղի բնակչության, այլև զբոսաշրջիկների շրջանում։

Նախագծով նախատեսվում է Ընկերությանն ամրացված Անշարժ գույքի վարձակալությունից մուտքագրված միջոցների 100 տոկոսը՝ եռամսյակային կտրվածքով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից որպես լրացուցիչ հատկացում տրամադրել Ընկերությանը։

Անշարժ գույքի վարձակալությունից ստացված միջոցները ծախսվելու են բացառապես Համալիրի կապիտալ շինարարության և վերանորոգման ուղղությամբ։

Այնուամենաայնիվ,  պետությունը «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն շարունակելու է ապահովել հուշարձանի պահպանության և օգտագործման բնագավառի ֆինանսավորումը, մինչ ընկերության կողմից գործառույթի լիարժեք իրականացման համար ֆինանսական միջոցների ձևավորումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել