Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առիթով, որում ասվում է․
«Հայ մամուլի հարգելի ներկայացուցիչներ,
Սիրելի գործընկերներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա կապակցությամբ:
Այս տոնը կոչված է մեկ անգամ ևս արժևորելու և նշանավորելու ազատ խոսքի դերն ու կշիռը մեր հասարակության տարբեր շերտերում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկիրը շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով:
Այս օրերին, երբ ազգովի բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնում, դրանց հաղթահարման ճանապարհին հայ մամուլը կարևոր անելիք ունի, քանի որ մամուլի առանցքային դերերից է առողջ մտածելակերպով կայուն հասարակության ձևավորումը, տարբեր ոլորտներում թափանցիկության ապահովումն ու իրականության պատշաճ իրազեկումը: Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն ունենք Հայաստանում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն:
Սիրելի լրագրողներ,
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ,
Ձեր բարդ և պատասխանատու աշխատանքում մաղթում եմ արդյունավետ գործունեություն, ստեղծագործական վերելքներ, մշտապես կատարելագործվելու կամք և ձգտում»: