Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել տրանսպորտային միջոցների ներմուծման ոլորտի զարգացմանը և այդ գործունեությամբ զբաղվողների արդարացված դժգոհությունների փարատմանը։
Iravaban.net-ը հայտնում է որոշման նախածի հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է տրանսպորտային միջոցների ներմուծում իրականացնող (ֆիզիկական և իրավաբանական) անձանց ավելորդ վարչարարությունից և անհարկի ֆինանսական կորուստներից ազատելու անհրաժեշտությամբ:
Նշվում է, որ ներկայումս ՀՀ ներմուծվող տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ տ/մ) մաքսազերծումը չի իրականացվում ՀՀ սահմանին՝ ներմուծման ժամանակ, այլ դա իրականացվում է ՀՀ սահմանից հեռու, այլ բնակավայրերում (օրինակ՝ Սիսիան, Գյումրի քաղաքներում, իսկ կազմակերպությունների կողմից տ/մ-ի ներմուծման դեպքում՝ Երևան քաղաքում), ինչից հետո նոր միայն տ/մ-ն մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմնի կողմից ստանում է «Ժամանակավոր» համարանիշ։
Հարկ է նշել, որ շատ հաճախ ՀՀ ներմուծվող (այդ թվում՝ վարելու միջոցով) տ/մ-ները սահմանից մինչև մաքսային ձևակերպման վայրեր հասցնելու համար ստիպված են լինում օգտվել ավտոտարհանիչների ծառայությունից, իսկ ներմուծողները ստիպված են լինում ավտոտարհանման համար վճարել բավականին մեծ, հաճախ կամայական և ոչ ողջամիտ գումար, նույնիսկ այն պարագայում, երբ տ/մ-ն սարքին վիճակում է և հնարավորություն ունի վարելու միջոցով հասնել մաքսային ձևակերպման վայր։
Ավելին, հաճախ ներմուծվող մեծ եզրաչափերով տ/մ-ների մաքսային ձևակերպման վայր հասցնելու համար հնարավոր չի լինում գտնել համապատասխան հնարավորություններն ապահովող ավտոտարհանիչ, իսկ երբեմն այդպիսինների հայտնաբերման դեպքում դրանց վրա տեղադրված մեծ եզրաչափերով տ/մ-ների տեղափոխումը խնդիր է առաջացնում կամուրջների անցման և ՀՀ-ում կամուրջների առավելագույն բարձրության չափերի անհամապատասխանության մասով, այլ կերպ ասած, ներմուծված մեծ եզրաչափերով տ/մ-ի ավտոտարհանիչով տեղափոխման դեպքում դրանց բարձրությունը թույլ չի տալիս անցնել ՀՀ ճանապարհներին առկա կամուրջների տակով։
Նախագիծը նպատակ ունի անձանց կողմից տ/մ-ների ներմուծման արդյունքում վերջիններիս ազատել անհարկի ֆինանսական ծախսերից և առանց հաշվառման համարանիշերի տ/մ-ն վարելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկվելու ռիսկից։
Միաժամանակ, տ/մ-ներին հատկացնելով «Ժամանակավոր» համարանիշեր, ապահովել այդ տ/մ-ների ՀՀ ոստիկանության կողմից վերահսկելի դարձնելու և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների լատետայնության բացառման հարցը (այդ տ/մ-ների առանց հաշվառման համարանիշերի շահագործման դեպքում)։
Վերը նշված նպատակին հասնելու համար առաջարկվում է ՀՀ սահմանին մաքսային մարմիներին լիազորել ՀՀ ներմուծվող և պետական գրանցման ենթակա տ/մ-ներին «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր հատկացնելու իրավասությամբ։