Վենետիկի Սուրբ Ղազար կղզում (San Lazzaro degli Armeni) այսօր երեկոյան տեղի կունենա «Ավրորա» Aurora Prize մրցանակի շնորհման արարողությունը։
Այս մասին հայտնում է «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող,«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
«Սուրբ Ղազար կղզու մասին գիտեն շատերը, բայց քչերն են տեղյակ, թե ինչպիսի առանձնահատուկ նշանակություն ունի այն Հայկական աշխարհի համար։ Կղզու պատմությունն անխզելիորեն կապված է հայ աստվածաբան և լուսավորիչ Մխիթար Սեբաստացու անվան հետ, որը 1701 թվականին հիմնել է միաբանությունը՝ մեր ժողովրդի մշակութային մակարդակը բարձրացնելու և հին հայկական գիրն ու գրականությունը պահպանելու նպատակով։ 1717 թվականին Մխիթարյան միաբանությունը հիմնավորվել է Վենետիկին մոտ գտնվող սուրբ Ղազար կղզում։
Հզոր հոգևոր առաջնորդի, խորաթափանց քաղաքական գործչի և դիվանագետի, բարձրակարգ կառավարչի և հավակնոտ նորարարի հատկանիշներով օժտված Սեբաստացու շնորհիվ միաբանությունը ծաղկել է: Միայն պատկերացնել է պետք, թե ինչպես է այդ ժամանակվա Եվրոպայի ամենախոշոր և եռուն քաղաքներից մեկում ստեղծվել հայագիտության և արևելագիտության առաջատար գիտական կենտրոն։ 1801 թվականին Նապոլեոն I-ը կենտրոնին ակադեմիայի կարգավիճակ է շնորհել՝ Academia Armena Sancti Lazari։ Այս ակադեմիայի անդամ են շատ հայտնի արևելագետներ, լեզվաբաններ և պատմաբաններ։ 1789 թվականին եկեղեցում բացվել է տպագրատուն, որը գործել է 200 տարի և 36 լեզվով գիրք է հրատարակել։ Սուրբ Ղազար կղզու գրադարանում ավելի քան 150 հազար անուն գիրք և հազարավոր արժեքավոր հնագույն ձեռագրեր են պահվում։ Գործընկերներիս հետ միասին մենք աջակցեցինք գրադարանի վերականգնմանը, որը ոչ բարվոք վիճակում էր։
Հայկական սուրբ Ղազարում ժամանակին ապրել է նաև Բայրոնը, որը մենաստանում անցկացրած ընդամենը վեց ամսվա ընթացքում հայերեն է սովորել։ Եվ ահա հիմա գիտելիքի և իմաստնության այս տաճարում հավաքվում են մարդասերներ ամբողջ աշխարհից՝ կրկին արժանին մատուցելու մարդկային ոգու տոկունությանն ու համամարդկային արժեքներին։
Մենք՝ հայերս, ժամանակների, մշակույթների և արժեքների այսպիսի բացառիկ փոխկապակցվածություն ունենք։ Մենք պատասխանատվություն ենք կրում այն անգնահատելի ժառանգության պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցելու համար, որը մեր նախնիներն ստեղծել են ոչ միան ժամանակակից Հայաստանի տարածքում, այլև աշխարհի տարբեր քաղաքներում և երկրներում»։