Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը:
Նա նշել է, որ Բաքուն այլևս հնարավորություն չի տեսնում, որ Ֆրանսիայի կառավարությունը, նման վերաբերմունքով, որևէ դեր խաղա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին նա հայտարարել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ելույթի ժամանակ։
«Ադրբեջանը համաձայնել է քառակողմ հանդիպում անցկացնել, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ, թեև Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ: Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, այո, միջնորդական առաքելության մանդատ ուներ, բայց քանի որ «ղարաբաղյան հակամարտությունը լուծված է» Մինսկի խմբի ծառայությունների կարիքը չկա: Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությանը, ապա, ինչպես գիտեք, արդեն մի քանի եռակողմ հանդիպումներ են տեղի ունեցել Բրյուսելում և մենք սկզբունքորեն միշտ աջակցել ենք ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին։
Ալիևը վիրավորական, անընդունելի, սուտ ու սադրիչ է համարում Մակրոնի հայտարարությունը:
«Դրանք տպագրված են, բոլորը կարող են տեսնել։ Այդ հայտարարություններով նա Ադրբեջանին մեղադրեց սարսափելի պատերազմի մեջ, դրանով իսկ, փաստերը շահարկելով, փորձեց մոլորեցնել ֆրանսիական և համաշխարհային հանրությանը։ Նա նաև տենդենցային հայտարարություններ արեց Ռուսաստանի Դաշնության դեմ, այն է՝ «Ռուսաստանը խաղաց ադրբեջանական խաղը»։ Որքանո՞վ է քաղաքականապես կոռեկտ, որ մեծ երկրի նախագահը կիրառի փողոցային լեքսիկոնը, թող որոշի ֆրանսիական հանրությունը»,-նշել է նա: