Շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ Հայաստանը ցանկանում է լսել Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը։ Այս մասին Աստանայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք լիովին հավատարիմ ենք մեր պետությունների ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններին: Մենք գնահատում ենք նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի անձնական ներդրումը Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործում։ Դրան զուգահեռ, մենք տեսնում ենք, որ ադրբեջանական ախորժակը միայն աճում է, խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մասին է, թեև այնտեղ խնդիրները լուծված չեն, այլեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների մասին: Այստեղ մենք՝ Հայաստանը, ինչպես դուք ասացիք, Ռուսաստանի համախոհն ու ռազմավարական գործընկերը, ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը»,- հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Միրզոյանը նշել է, որ այդ հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանում, և այնտեղ որոշ երկրներ, որոնց հետ չկա բարեկամության եւ ռազմավարական գործընկերության երկարատև պատմություն, հանդես են եկել հայտարարություններով, որոնք ավելի օբյեկտիվ և հստակ արտացոլում են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։
«Իրադարձություններն ընթանում են ինտենսիվ, բանակցություններն ընթանում են ինտենսիվ ռեժիմով: Կան շատ կողմեր, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, մոտեցումները, հարթակները։ Մեզ համար շատ կարեւոր է իմանալ այդ հարցերի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը: Մենք ցանկանում ենք զգալ Ռուսաստանի թիկունքը և առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ պայմանավորվածությունների ոգով: Մենք դրան պատրաստ ենք», – ընդգծել է Միրզոյանը: