Ուկրաինայում ռուսական ագրեսիայի պատճառով վիրավորվել է 805 երեխա։ Ukrinform-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնում է գլխավոր դատախազությունը։
«2022 թվականի հոկտեմբերի 11-ի առավոտվա դրությամբ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ զինված ագրեսիայի հետևանքով տուժել է ավելի քան 1227 երեխա: Ըստ դատախազության պաշտոնական տվյալների՝ 422 երեխա մահացել է, ավելի քան 805-ը՝ տարբեր աստիճանի վիրավորում ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տվյալները վերջնական չեն, քանի որ աշխատանքները շարունակվում են ռազմական ակտիվ գործողությունների վայրերում, ժամանակավորապես գրավված և ազատագրված տարածքներում։
——————
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաք է հայտարարվել։