Հունաստանը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների դաժան մահապատիժը Ադրբեջանի զինուժի կողմից

Հունաստանը խստորեն դատապարտում է հայ անզեն ռազմագերիների դաժան մահապատիժը Ադրբեջանի զինված ուժերի կողմից և կոչ է անում հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ում հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Ծայրաստիճան ցնցված ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ անզեն ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին սարսափազդու հաղորդումներից: Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», – հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ընթացքում: Հոկտեմբերի 3-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայ զինծառայողների սպանության՝ սոցիալական ցանցերում շրջանառված տեսանյութը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել