ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհեթեթություն է անվանել հայկական լրատվամիջոցների այն հրապարակումը, թե իբր ՌԴ-ն ձգտում է Հայաստանի մուտքը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միութենական պետություն։
«Ոչ, սա հերթական անհեթեթությունն է», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այս հրապարակումը մեկնաբանելու խնդրանքին։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքն այսօր «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ հրապարակում է արել․
🔸 «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որ վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, ՌԴ քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։
🔸 Ղարաբաղի պարագան ևս մտնում է այս տրամաբանության մեջ, որոշակի տարբերությամբ։ Ռուսաստանին պետք է ԼՂ հարցի չլուծում, այսինքն, որ ԼՂ հարցը լինի չլուծված, որպես ազդեցության լծակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա։
🔸 ․․․Չնայած հրապարակային հայտարարություններին՝ Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ ՌԴ-ն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։ Էականը վերջին գործոնն է, որովհետև ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կա։ Երկաթուղի՝ Իրանով էլ կարելի է կառուցել։