Ճապոնիայի ԱԳՆ-ն Ռուսաստանից ներողություն է պահանջում

Ճապոնիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպան Միխայիլ Գալուզինին և նրան բողոք հայտնել՝ Վլադիվոստոկում Ճապոնիայի հյուպատոս Մոտոկի Տացունորիին բերման ենթարկելու պատճառով։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշին:

Բացի այդ, Ճապոնիան իրավիճակի պատճառով պահանջում է Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական ներողություն խնդրել։

«Ռուսական կողմի գործողությունները Վիեննայի կոնվենցիայի խախտում են, և դա բացարձակապես անընդունելի է»,-ասել է Հայաշին: Նրա խոսքով՝ Տացունորին չի կատարել գործողություններ, որոնք խախտել են օրենքը։ Միաժամանակ ռուսական կողմը դիվանագետին բերման ենթարկելու ժամանակ «հարկադրանքի միջոցներ է կիրառել», հավելել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը։

Հայաշին նշել է, որ հյուպատոսն արդեն ազատ է արձակվել։ Վերջինս կլքի Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 28-ը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը նախօրեին հայտնել էր, որ բերման է ենթարկել Վլադիվոստոկում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսին, երբ նա գաղտնի տեղեկատվություն է ստացել վարձավճարով։ Խոսքը վերաբերում էր Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից մեկի հետ Ռուսաստանի համագործակցության ներկա իրավիճակի, Պրիմորիեի երկրամասի տնտեսական իրավիճակի վրա Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականության ազդեցության մասին տեղեկություններ ստանալուն։

Դրանից հետո Տացունորին հայտարարվել է պերսոնա նոն գրատա, իսկ Ճապոնիան բողոքել է։ Նշվել է, որ հյուպատոսը կարտաքսվի Ռուսաստանից։ Ավելի ուշ Տացունորին իրեն մեղավոր է ճանաչել: ԱԴԾ-ն տեսանյութ է հրապարակել, որում հյուպատոսը դրականորեն պատասխանում է այն հարցին, թե տեղյա՞կ է արդյոք, որ խախտել է ռուսական օրենքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել