Ինչպե՞ս ստանալ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման վկայական

Նոտարական գործողությունների կատարման ժամանակ հայերենին չտիրապետող անձանց սպասարկել, ինչպես նաև փաստաթղթերի՝ հայերենից օտար լեզվով կամ օտար լեզվից հայերեն թարգմանություն իրականացնել ցանկացող անձանց թարգմանչի որակավորման վկայականները տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից իրականացվող թարգմանչի որակավորման ստուգում անցնելուց հետո:

Որակավորման վկայական տրվում է և այդ նպատակով ստուգվում են նաև թարգմանիչ համարվող՝ համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձանց որպես թարգմանիչ որակավորումը:

Ստուգումները կազմակերպվում են առնվազն տարեկան մեկ անգամ: Ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողին պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն 7 օր առաջ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով կարող են կազմակերպվել արտահերթ ստուգումներ:

Վկայականներ ստանալու համար կարող են դիմել գործունակ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և համապատասխան օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ)՝ բացի համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու նպատակով վկայական ստանալու համար դիմածներից:

Ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը:

Ստուգումն անցկացվում է հայերենով և դռնբաց: Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով նրան թարգմանության համար տրվում են հայերեն և համապատասխան օտար լեզուներով տեքստեր: Դիմողն իրավունք ունի թարգմանությունները կատարելիս օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից:

Համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձանց որակավորումն ստուգվում է հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման վկայական ստանալու կարգը սահմանվում է ՀՀ Կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել