Մոսկվայում ոստիկանության մի քանի բաժանմունքներում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած մոբիլիզացիայի դեմ ցույցի ժամանակ ձերբակալվածներին ծանուցագրեր են հանձնել զինկոմիսարիատներ։ Ինչպես հայտնում է Meduza-ն, այս մասին նրանք պատմել են ОВД-Инфо իրավապաշտպան նախագծին։
Ձերբակալվածներին ծանուցագրեր են հանձնվել Սոկոլինայա Գորա, Լյուբլինո, Իզմայիլովո, Յուժնոյե Տուշինո, Գագարինսկոյե և Վերնադսկի շրջաններում գտնվող ոստիկանական բաժանմունքում։ Яблоко կուսակցության անդամ Կիրիլ Գոնչարովը ծանուցագիր է հրապարակել, որը հանձնվել է Մոժայսկի շրջանի ոստիկանական բաժանմունքում ցուցարարներից մեկին։
Սոկոլինայա Գորա շրջանի ներքին գործերի վարչությունում ձերբակալվածներից մեկի կինը Медиазона-ին հայտնել է, որ զինվորական կոմիսարն անձամբ է ծանուցագիրը հանձնել ամուսնուն։
«Նրանք նկարահանել են, թե ինչպես են նրան ծանուցագիր հանձնել և ասել, որ չի կարող չընդունել, քանի որ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է և պարտավոր է վաղը ներկայանալ կոմիսարիատ»,- ասաց նա։
Ձերբակալվածներից առնվազն մեկին սպառնացել են քրեական գործ հարուցել ծանուցագիրը ստորագրելուց հրաժարվելու պատճառով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց երկրում մոբիլիզացիայի մասին։ Դրանից հետո ամբողջ Ռուսաստանում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ OVD-Info-ի տվյալներով՝ սեպտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի 38 քաղաքներում բերման է ենթարկվել ավելի քան 1313 մարդ։ Ձերբակալվածների մեծ մասը եղել է Սանկտ Պետերբուրգում (478 մարդ) և Մոսկվայում (536 մարդ):