ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը մեկնել էր Հայաստան՝ որպես կարևոր ճակատ ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև պայքարում։ Այս մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Երևան կատարած այցն ամփոփող հայտարարության մեջ:
«Երևանում մեր հանդիպումների ժամանակ մենք աջակցության վճռական ազդանշան ենք փոխանցել Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը, հատկապես՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։ Մեր այցը նախատեսված էր մինչև սեպտեմբերի 12-ի մարտական գործողությունների մեկնարկը», – նշել է Փելոսին։
Նա հիշեցրել է, որ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի, Աննա Էշուի և Ջեքի Սփիերի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հավելել՝ Կոնգրեսը ձգտում է, որ Ցեղասպանության մասին ճշմարտությունը երբեք չմոռացվի. «Հենց այդ պատճառով 2019 թ. մենք ընդունեցինք Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին օրենքը, որը նախագահ Բայդենը սատարեց անցյալ տարի՝ պաշտոնական ճանաչմամբ: Ինձ համար պատիվ էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պարգևատրվել դեսպան Հենրի Մորգենթաուի մեդալով, որը ես Կոնգրեսի անունից ընդունեցի Հայոց ցեղասպանության ճանաչման և իրազեկման մեր աշխատանքի համար»:
Ներկայացուցիչների պալատի ղեկավարը տեղեկացրել է, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նրա խոսքով՝ այդ հանդիպումները թույլ տվեցին մտքեր փոխանակել Հայաստանում և տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման առաջմղման քաղաքականության և գործողությունների վերաբերյալ։
«Մեր այցի ընթացքում կարևոր էր, որ կլոր սեղան անցկացրեցինք քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ, ովքեր ժողովրդի մտահոգությունն ու պահանջմունքներն արտահայտեցին այս դժվարին պահին և լույս սփռեցին Հայաստանի՝ հանուն ժողովրդավարության և անվտանգության պայքարի վրա։ Ինձ համար պատիվ էր ելույթ ունենալ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ հայ մշակույթի մարգարիտում, որտեղ ես հանդես եկա Հայաստանին ԱՄՆ նվիրվածության մասին հստակ ուղերձով։ Ավելի ուշ մենք հանդիպեցինք Ազգային ժողովում ընդդիմության առաջնորդների հետ։ Չնայած ներքին քաղաքականության շուրջ տարաձայնություններին՝ նրանց միջև հստակ համաձայնություն կար, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան», – նշված է Փելոսիի տարածած հայտարարության մեջ։
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հավելել է, որ ոգեշնչված է պատվիրակության ընդունելությունից և Վաշինգտոն է վերադառնում հպարտությամբ և պատրաստակամությամբ՝ առաջ մղելու Կոնգրեսի հանձնառությունը ժողովրդավարական Հայաստանին և անվտանգ ու խաղաղ Կովկասյան տարածաշրջանին: