Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի համար. Դարչիաշվիլի

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլիի խոսքով, անհրաժեշտության դեպքում Վրաստանը պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական գործընթացում, այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

ԱԳ նախարարը նշել է, որ Թբիլիսին նախապայմաններ չի դնում, հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։

«Ինչպես հայտնի է, անցյալ տարի Վրաստանի վարչապետի շատ ակտիվ ներգրավվածությամբ, նրա անձնական մասնակցությամբ, մեր երկու հարեւանների միջև ձեռք բերվեց կարևոր պայմանավորվածություն, և սա արդեն այն կոնկրետ շոշափելի արդյունքն է, որը մենք ստացանք։ Անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Վրաստանի վարչապետը բացեիբաց խոսեց մեր երկրի խաղաղ հարևանության քաղաքականության մասին, իսկ ընդամենը մի քանի ամիս առաջ Վրաստանը հյուրընկալեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին` այս հայտարարված քաղաքականության շրջանակներում»,- ասել է Դարչիաշվիլին։

Նրա խոսքով, ընդհանուր քաղաքականության շրջանակներում Վրաստանը շարունակում է ջանքերը՝ տարածաշրջանի անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում իր նշանակալի ներդրումն ունենալու համար։

Նախարարն ընդգծել է, որ Վրաստանը միշտ պատրաստ է եղել հարավային հարևաններին առաջարկել մի երկիր, որտեղ նրանք կարող են երկխոսություն սկսել խաղաղության ամրապնդման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը կայացել է այս տարի Թբիլիսիում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել