Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության բացումը նախադրյալներ կստեղծի Ռուսաստանից Հայաստան մինչև 5 մլրդ դոլար ներդրումների ներհոսքի համար, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Երևանում ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Վստահ ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, որը նախատեսված է մեր ղեկավարների եռակողմ համաձայնագրերով, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսական զարգացման և այստեղ նոր ներդրումների ներհոսքի համար։ Մեր գնահատականներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ճանապարհային ճանապարհների բացումը նախադրյալներ կստեղծի մոտ 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի համար»,- ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով, ռուսական կողմը պատկերացում ունի, թե ինչ նախագծեր կարող են դրանք լինել։ «Մենք երկար ժամանակ դրանք քննարկում ենք մեր բիզնեսի հետ»,- հավելել է ՌԴ փոխվարչապետը։