Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա, կազմակերպությունը հույս ունի հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով․ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Սիդորովը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք պլաններ կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահ զորակազմ ուղարկելու, ասել է, որ պետք չէ շտապել և առաջ ընկնել։
«Միայն ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որն այսօր առկա է Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով։ Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ո՛չ սեպտեմբերի 13-ին, ո՛չ երեկ, ո՛չ այսօր, և, կարծում եմ՝ մոտ ապագայում՝ խոսք չկա»,- նշել է նա։
Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի շուրջ։
«Մենք հուսով ենք, որ գործընթացները կշարունակվեն կարգավորվել խաղաղ ճանապարհով, առանց զենքի և ուժերի կիրառման»,- հավելել է նա։
—————————
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվել նաև խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր:
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:
Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդել է, որ ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին:
Սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 105-ի: