Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար է ձեռք բերվել։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից։
«Մեր ծայրահեղ մտահոգությունն ենք հայտնում այս տարվա սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։
Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների։
Մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Հայաստանի ղեկավարությունից ստացվել է կոչ՝ առկա երկկողմ պայմանագրերին համապատասխան և ՀԱՊԿ-ի միջոցով իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով։ Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ սեպտեմբերի 13-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 9.00-ից (ՀՀ ժամանակով՝ 10:00-ից) հրադադարի հաստատման մասին, կիրականացվի ամբողջությամբ։
Ինչպես նախկինում, մենք ելնում ենք այն նախադրյալից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերի դեպքում՝ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
_________
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։