Շարունակվում է աշխատանքային այցը ԱՄՆ. Սուրեն Պապիկյան

Շարունակվում է աշխատանքային այցը ԱՄՆ:

 Այս մասին գրառում է կատարել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 6-ին, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ, այցելել եմ Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն: Կենտրոնում հանդիպել եմ Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր։

Բարձր եմ գնահատել համագործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության ու վարժանքների, ինչպես նաև ռազմաբժշկության ոլորտներում առկա մեծ ներուժը։ Գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարն իր հերթին նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն տասնամյակներ շարունակ հանդիսանում է Կանզասի ավանդական գործընկերը և պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

Հանդիպման ավարտին պատվիրակությունը շրջայց է կատարել Սալինայի ուսումնական կենտրոնում, ծանոթացել ուսումնական գործընթացի, վարժանքների և զորավարժությունների կազմակերպման աշխատանքներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել