Ադրբեջանական բանակը մտել է Բերձոր

Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Բերձորը (Լաչին), Աղավնոն (Զաբուխ) և Սուսը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել, թե ինչպես է ադրբեջանական բանակը մտել նշված բնակավայրեր։

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն և Բերձորը:

Չնայած 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա 3 տարիների ընթացքում կողմերի համաձայնությամբ պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Սակայն Ադրբեջանը, առանց այդ նախագծի հաստատման (այդպես պնդում է հայկական կողմը), Կոռնիձոր գյուղի սահմանից ճանապարհ է հարթել ներկա միջանցքից ավելի հարավ։

Օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ նոր ճանապարհին ՀՀ-ի կողմից միացող Տեղ-Կոռնիձոր-սահման հատվածը պատրաստ կլինի 2023-ի գարնանը, աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել