ՄԻՊ-ը կամավոր բժշկական ամլացում իրականացնելու կարգը և պայմանները հաստատելու մասին նախագծի վերաբերյալ իր մտահոգություններն է հայտնել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում փորձաքննության է ենթարկվել «Կամավոր բժշկական ամլացում իրականացնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել Առողջապահության նախարարության կողմից։ 

«Առավել մտահոգիչ են նախագծի այն կարգավորումները, որոնք նախատեսում են կամավոր բժշկական ամլացման հնարավորություն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց համար, իսկ բժշկական ցուցման դեպքում՝ դատարանի որոշմամբ: 

Նկատի ունենալով, որ Հայաստանում գործող անգործունակության համակարգի պայմաններում գործնականում անհնար է ապահովել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի լիարժեք իրազեկված համաձայնությունը, ինչպես նաև դատական կարգով արդյունավետ բողոքարկման իրավունքը, առաջարկվել է հրաժարվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մասով առաջարկվող կարգավորումներից։ Նշվածը հատկապես մտահոգիչ է, երբ խոսքը բժշկական այնպիսի միջամտության մասին է, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ անձի վերարտադրողական առողջության վրա։

Նշվածը խնդրահարույց է մարդու իրավունքների տեսանկյունից, հակասում է ինչպես միջազգային իրավական ակտերին, ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, այնպես էլ ներպետական օրենսդրությանն ու Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշմանը։

Փորձաքննության արդյունքում վերհանվել են նաև կարգավորման անորոշություններ ամլացման վերաբերյալ անձանց պատշաճ, ամբողջական, մատչելի և հասանելի տեղեկատվություն տրամադրելու բժշկական հաստատության պարտականության, նախագծով սահմանվող «առանձին դեպքերի», դրանց հստակ իրավական հետևանքների և այլ հարցերի մասով։

Նախագիծը գտնվում է լրամշակման փուլում, և հույս ունեմ, որ իրավասու նախարարությունը կվերանայի այն բարձրացված խնդիրները լուծելու համար։

Հայտնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լիակատար պատրաստակամությունը՝ նախագծի լրամշակման աշխատանքներին ներգրավելու վերաբերյալ»,-նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել