«Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ԱԺ նախկին պատգամավորը»․ Խաչատուր Քոքոբելյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում:

Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ոչ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել:

Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ:

Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Ոստիկանությանը` ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, իրավապահ համակարգին և միջազգային կառույցներին իրենց ներդրած գործուն ջանքերի և իրականացրած աշխատանքների համար:

Հ.Գ. Հետագա զարգացումների և հանցավոր խմբի մյուս անդամների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»։

Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հայտնել է․ «Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը անհետ կորել է։ Նրան հայտնաբերելու միջոցառումներ են ձեռնարկել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։

Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ Գրիշա Քոքոբելյանը ոչ թե անհետ կորել է, այլ նրան առևանգել են։ Հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու միջոցառումների ընթացքում անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել։

Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ են արձակել։ Քրեական ոստիկանության գլխավոր, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37–ամյա Սուրեն Մ․-ն և 25-ամյա Արմեն Ք․-ն։ Նրանք ոստիկանության ծառայողների կողմից օգոստոսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Մանրամասներին հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել