Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը անհետ կորել է։ Նրան հայտնաբերելու միջոցառումներ են ձեռնարկել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։
Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ Գրիշա Քոքոբելյանը ոչ թե անհետ կորել է, այլ նրան առևանգել են։ Հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու միջոցառումների ընթացքում անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել։
Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ են արձակել։ Քրեական ոստիկանության գլխավոր, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37–ամյա Սուրեն Մ․-ն և 25-ամյա Արմեն Ք․-ն։ Նրանք ոստիկանության ծառայողների կողմից օգոստոսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Մանրամասներին հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում։