Կրակոցներ ու ծեծկռտուք. երկու անձ վնասվածքներ է ստացել

Օգոստոսի 9-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին ստացվել է հաղորդում, որ «ճկույթի ամպուտացիա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ծովինար գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 19-ի սահմաններում Ծովինար գյուղի հարակից անտառամերձ տարածքում տուժած տղամարդն ու 30-ամյա որդին նախիրը տուն տանելիս հանդիպել են 35-ամյա համագյուղացուն, որը հայհոյանքներ է հնչեցրել 57-ամյա տղամարդու հասցեին և գազային ատրճանակով երկու անգամ կրակել նրա ուղղությամբ: Այնուհետև սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում որդին խլել է ատրճանակը, իսկ հայրը ստացել է մարմնական վնասվածք:

35-ամյա ծովինարցին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին: Սակայն գործը սրանով չի ավարտվել: Մոտ մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ 35-ամյա տղամարդը «գլխի բազմաթիվ վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել: Իրավապահներին նա հայտնել է, որ վերոհիշյալ ծեծկռտուքի ժամանակ հայր ու որդի ձեռքերով ու քարերով հարվածներ են հասցրել իրեն:

Կողմերի մեղավորության աստիճանն ու միջադեպի հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել