Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար պահանջներ են սահմանվել

Iravaban.net-ը հայտնում է, որ օգոստոսի 9-ին ուժի մեջ է մտնում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Մինչև այս հանրապետության օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չուներ տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը։ Ընդունված նոր կարգավորումներով՝ օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանվել է «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ: Սահմանվել է օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ, սահմանվել է վարչական պատասխանատվության միջոցներ՝ ոլորտի իրավախախտումների համար։

Նոր կարգավորմամբ՝ օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև 7 տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշան ունեցող ավտոմոբիլներ:

Լիցենզիաների սահմանափակ քանակ չի սահմանվելու:

Արգելք չի սահմանվի տաքսիով դեպի օդանավակայան փոխադրումների համար: Խոսքը հենց օդանավակայանի տարածքից փոխադրումների մասին է, այն փոխադրումների, որոնք, այսօր, ըստ փոխնախարարի, մեծամասամբ կարող են իրականացվել ապօրինի:

Առանց օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիայի օդանավակայանի տաքսու կայանատեղից տաքսի ծառայություն մատուցելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում՝ 50 հազար դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել