Համացանցի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը, թե իբր Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կազմակերպված գողություններ են կատարվում, իրականությանը չեն համապատասխանում։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Այս պահին Աղավնոյում համայնքի ղեկավարի ու բնակիչների կողքին են Ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի ծառայողները։
Գողության և կամ այլ իրավախախտումներ ու դեպքեր Աղավնոյում չեն արձանագրվել։
ՆԳ նախարարությունը հորդորում է բնակիչներին չտրվել ակնհայտ կեղծիք պարունակող նյութերին և հիմք ընդունել միայն պաշտոնական լրահոսը»,- մանրամասնել է Հ. Թադևոսյանը: