Նոր տուգանք՝ տաքսու վարորդների համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.2-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 7.1-ին մասով։

Iravaban․net-ը հայտնում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 9-ից։

137.2-րդ հոդվածով սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելու համար տուգանքների չափերը։

Հոդվածի համաձայն․

1. Ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցներն առանց երթուղին արտահայտող ցուցատախտակի և (կամ) երթուղու չվացուցակի և (կամ) երթուղու սխեմայի (բացառությամբ ներհամայնքային երթուղիների) և (կամ) սպասարկող կազմակերպության անվանման և գտնվելու վայրի նշումով ցուցանակի և (կամ) տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների պահանջներին անհամապատասխան արտաքին և ներքին կահավորմամբ շահագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 30․000 դրամի չափով:

2. Առանց ճանապարհային թերթիկի կամ դրան կից երթուղային թերթիկի կամ դրանցում համապատասխան նշումների բացակայությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20․000 դրամի չափով:

3. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթով չընտրված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձանց կողմից կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200․000 դրամի չափով:

4. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման ժամերի խախտումները՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 30․000 դրամի չափով, իսկ ներհամայնքային երթուղիներում՝ 10․000 դրամի չափով:

5. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները կամ վերջնակետի (սկզբնակետի) խախտումները՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100․000 դրամի չափով:

6. Ավտոկայարանային գործունեություն չիրականացնող կամ ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր չունեցողների կողմից միջքաղաքային և միջպետական երթուղիների ուղետոմսերի վաճառքի իրականացումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 300․000 դրամի չափով:

7. Առանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50․000 դրամի չափով:

7.1. Առանց օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիայի օդանավակայանի տաքսու կայանատեղից տաքսի ծառայություն մատուցելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 50․000 դրամի չափով:

8. Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ երեխաների փոխադրումների իրականացումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100․000 դրամի չափով:

9. Այս հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում։ Մասնավորապես, օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ․

Օդանավակայանի տաքսի ծառայություն` օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ուղևորների փոխադրման գործունեություն.

Օդանավակայանի տաքսու կայանատեղ` օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման համար առանձնացված տարածք։

Օրենքի 17-րդ հոդվածում, որով սահմանված են մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները, լրացվել է նոր՝ 5-8-րդ մասերով, որի համաձայն․

5. Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցումն իրականացվում է տաքսու կայանատեղից կամ տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված վայրերից` ուղևորների պատվերով:

6. Օդանավակայանի տարածքի տաքսու կայանատեղից ծառայություն կարող են մատուցել միայն այն կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև յոթ տարվա արտադրության, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորում և սակաչափիչ ունեցող ավտոմոբիլներ:

8. Օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է պահպանեն օդանավակայանի կառավարչի սահմանած` օդանավակայանի շահագործման հետ կապված կանոնակարգերի պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել