Ադրբեջանի սանձազերծած հանցավոր գործողությունները հնարավոր են դարձել Մոսկվայի առնվազը լռելյայն համաձայնությամբ, եթե ոչ՝ խրախուսմամբ․ «Հանուն Հանրապետության» կուսակցություն

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը Արցախի շուրջ վերջին լարվածության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Վերջին օրերին Արցախում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության վտանգավոր աճը չկարգավորված հարաբերությունների, տեղակայված ռուսական զորքերի միջազգային մանդատի բացակայության եւ Ալիեւի ռեժիմի կողմից դրսեւորվող շարունակական հայատյացության պայմաններում հանգեցրել է հայկական կողմից զոհերի եւ վիրավորների։

Խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի հանցավոր գործողությունները՝ որոնք ուղղված են վիժեցնելու բանակցային գործընթացը, ինչպես նաեւ՝ ռուսական կողմի հանցավոր լռությունը եւ անգործությունը, համարժեք գնահատականի բացակայությունը եւ ցինիկ վերաբերմունքը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները սահմանող՝ միջպետական իրավա-պայմանագրային ողջ հենքի, այդ թվում՝ 2020-21թթ․ եռակողմ հայտարարությունների նկատմամբ։

Սույնով փաստվում է, որ Ադրբեջանի սանձազերծած հանցավոր գործողությունները հնարավոր են դարձել Մոսկվայի առնվազը լռելյայն համաձայնությամբ, եթե ոչ՝ խրախուսմամբ, այլապես Ալիեւի ռեժիմի համար չափազանց ռիսկային կլիներ կրակ բացել ռուսական «խաղաղապահ» զորքի ուղղությամբ, եթե նրանք, ըստ 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ դիրքեր զբաղեցրած լինեին այն հատվածներում, որը կբացառեր հայկական եւ ադրբեջանական ուժերի անմիջական դիմակայության հնարավորություն։

Վերջին օրերի իրադարձությունների տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանի Դաշնությունն առնվազն պատշաճորեն չի կատարում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման ստանձնած պարտավորությունները։ Մինչդեռ Մոսկվայի կամքը միանգամայն բավարարում է հրապարակային եւ հեռակա բանավեճի մեջ մտնել ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների հետ, հրապարակայնորեն պաշտպանել Ալիեւի ռեժիմի ապակառուցողական քաղաքականությունը, խանդի տեսարաններ և ընտրողական կուրություն ցուցաբերել այլ հարթակներում կազմակերպվող հայ-ադրբեջանական ուղիղ երկխոսության փորձերի նկատմամբ, որոնց օրակարգը ի շարս այլ հարցերի ներառում է նաև ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հնարավորությունները։

Չնայած բարդագույն, Հայաստանի համար բոլորովին աննպաստ աշխարհաքաղաքական ներկա դասավորությանը Երևանը պետք է շարունակի հարաբերությունների հաստատմանն ուղղված երկխոսության ջանքեր գործադրել Թուրքիայի հետ։ Միևնույն ժամանակ, չնայած օրավուր լարվող մթնոլորտին, այնուամենայնիվ չափազանց կարևոր և անայլընտրանք ենք դիտարկում Երևանի և Բաքվի միջև դեմ առ դեմ, ուղղակի բանակցությունների շարունակականությունը։

Հայաստանի Հանրապետության իշխանություններին հորդորում ենք աներեր կամք եւ դիվանագիտական ճկունություն դրսեւորել շարունակելու տարածաշրջանում խաղաղության, արցախահայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովմանը հասնելուն ուղղված բանակացային գործընթացը։ Ոչ մի դեպքում չընկրկել Մոսկվայի ծավալապաշտական օրակարգից բխող ճնշումների առաջ, ՀՀ-ՌԴ իրավապայմանագրային բազայով պայմանավորված բոլոր կաշկանդող դրույթների գործողությունն անժամկետ սառեցնել եւ հրատապ կարգով՝ տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության օրակարգով խորհրդակցություններ սկսել ԱՄՆ, Եվրամիության եւ այլ համախոհ գործընկերների հետ՝ երկկողմ ձեւաչափերով եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ Հայաստանի եւ հայկական շահերի, Ազատության եւ Ժողովրդավարության դեմ ուղղված ՌԴ-Ադրբեջան ուրվագծվող գործարքի սպառնալիքը չեզոքացնելուն։

Չնայած հրահրվող անառողջ մթնոլորտին Երեւանը և Ստեփանակերտը պարտավոր են սառնասիրտ գտնվել և հանուն Հայաստանի և Արցախի հարատևության պետական, քաղաքական և հասարակական մակարդակներում ամուր հաղորդակցություն պահպանել։

ՀՀ գործադիր իշխանության մարմիններին խստիվ կոչ ենք անում գործուն, համակարգային քայլերով ամրապնդել ներքին անվտանգությունը՝ մեր երկրի դեմ սանձազերծված հիբրիդային գրոհին մասնակից ներքին տարրերի վնասազերծմանը եւ գործունեության դադարեցմանը։

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին եւ Հայաստանի ժողովրդավարությանը եւ ինքնիշխանությանը հավատարիմ քաղաքական ուժերին դրսեւորել միասնություն, հանդարտություն եւ սառնասրտություն՝ թույլ չտալու, որպեսզի մեր «բարեկամների» եւ հակառակորդների համատեղ դավադրությունը հասնի իր նպատակին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել