Թուրքիայի համար «կարմիր գիծը» Ադրբեջանն է. Էրդողան

«Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը»,-այս մասին TRT-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խոսելով օրեր առաջ ՀՀ վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի համար «կարմիր գիծը» Ադրբեջանն է, և Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հնարավոր կլինի այս իրավիճակի կարգավորումից հետո։

«Բայց մենք նրանցից կոնկրետ քայլեր ենք ակնկալում, մենք հաստատակամ ենք հարաբերությունները կարգավորելու հարցում»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը։

Հուլիսի 11-ին հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել