Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին անդրադարձելէ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը Սիրիայում, փոխանցում է Ermenihaber-ը։
«Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի հյուսիսը ապակայունացնող, խաղաղ բնակչությանը և ԻՊ-ի դեմ դաշինքի պայքարը վտանգող Թուրքիայի ռազմագործողության սպառնալիքով»,- հայտարարել է Քիբրին՝ շեշտելով որ Բայդենի վարչակազմն այս հարցում ունեցած իր մտահոգությունը հայտնել է թուրք պաշտոնյաներին։
Աղբյուրը հայտնում է, որ ամերիկացի զինվորականները պարեկություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող և Թուրքիային սահմանամերձ Ալ-Քահթանիե ու Ղամիշլի շրջաններում։
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական ժողովում խոսել էր Սիրիայում հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ։