Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունների միջև՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ուկրաինական նավահանգիստներում սպասվող հացահատիկի անվտանգ առաքումն ապահովելու շուրջ։
Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է Anadolu-ն։
Նախարարության տվյալներով՝ Ստամբուլի «Կալենդեր» տաղավարում բանակցությունները տևել են 1,5 ժամ։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն իր հերթին ասել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստել և քննարկման է ներկայացրել այս հարցի վաղաժամ գործնական լուծման առաջարկությունների փաթեթ։
«Հացահատիկի հարցով» հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու մասին։
Հաջորդ շաբաթ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները կրկին կհանդիպեն Թուրքիայում՝ քննարկելու այս թեման։