Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայում նկատվել է կորոնավիրուսով վարակվածների թվի գրեթե հինգ անգամ աճ, հիմնականում վարակվում են «օմիկրոն» շտամով։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
«Միայն հունիսի 27-ից հուլիսի 3-ը Թուրքիայում Covid-ի դեպքերի թիվն աճել է 114 տոկոսով՝ նախորդ շաբաթվա համեմատ։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում աճը գրեթե 5 անգամ է»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Այս կապակցությամբ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան 50 տարեկանից բարձր քաղաքացիներին կոչ է արել պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
«Թուրքիայում նկատվել է «օմիկրոն» շտամով վարակվածների թվի աճ: Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս, որ 50 տարեկանից բարձր և ռիսկային խմբի քաղաքացիները նոր պատվաստում ստանան, եթե վերջին պատվաստումից անցել է վեց ամիս»,- գրել է նախարարը Twitter-ում։