Վերջերս Արևմուտքում հայտարարություններ եղան, որ Դոնբասում Ռուսաստանին պետք է հաղթել մարտի դաշտում, թող փորձեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այսօր մենք լսում ենք, որ մեզ ուզում են հաղթել մարտի դաշտում։ Դե, ի՞նչ ասեմ, թող փորձեն։ Մենք արդեն շատ ենք լսել, որ Արևմուտքն ուզում է կռվել մինչև վերջին ուկրաինացին։ Սա ողբերգություն է ուկրաինացու համար։ Կարծես թե ամեն ինչ դրան է մոտենում»,- ասել է Պուտինը Դումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
Նա հայտարարել է նաև, թե Արևմուտքը փորձում է ամբողջ աշխարհին պարտադրել տոտալիտար լիբերալիզմի մոդել և համընդհանուր արգելքներ մտցնել։
«Նրանք ամբողջ աշխարհին պարտադրում են նման մոդել, տոտալիտար լիբերալիզմի մոդել, այդ թվում՝ չեղարկման տխրահռչակ մշակույթը, համատարած արգելքները, փորձում են դա պարտադրել: Բայց ճշմարտությունն ու իրականությունն այն է, որ շատ երկրների ժողովուրդները նման կյանք չեն ուզում։
Եվ նրանք պարզապես հոգնել են ծնկի իջնելուց, նվաստանալուց իրենց բացառիկ համարողների առջև»,-ասել է Պուտինը։