Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի միջև բանակցությունների գաղտնիության խախտումը օրինակ է, թե ինչպես են Փարիզում հասկանում «դիվանագիտություն» բառը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»։
«Պարզվեց, որ մի քանի ամիս առաջ, երբ Մակրոնը զանգահարել է Ռուսաստանի նախագահին՝ անմիջապես սենյակում, գրասենյակում, սեղանի մոտ, որտեղ տեղի է ունեցել այս հեռախոսազրույցը, հեռախոսազանգը բարձրախոսով է դրված եղել։ Պատահում է, որ ներգրավված են լինում և՛ ձայնագրիչներ, և՛ թարգմանիչներ։ Բայց պարզվում է, որ ամբողջ խոսակցությունը ֆիքսել է լրագրողական տեսախցիկը լրագրողների հետ, ովքեր նստած են եղել հեռախոսի մոտ և նկարահանում էին այդ ամենը»,- ասել է նա «Ռոսիա-1» հեռուստաալիքի հաղորդման եթերում։
«Իրականում սա օրինակ է այն բանի, որ նրանք այդպես են հասկանում դիվանագիտություն բառը»,- ընդգծել է Զախարովան։
Կիրակի օրը ֆրանսիական լրատվամիջոցները հրապարակել են Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի փետրվարի 20-ին կայացած բանակցությունների ամբողջական սղագրությունը։ Զրույցը ձայնագրել է ֆրանսիացի լրագրող Գի Լագաշը, ով անձամբ ներկա է եղել այդ պահին՝ նկարահանելով պատմություն Ֆրանսիայի նախագահի մասին։
Հաղորդումը ցուցադրվել է հունիսի 30-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 22.15-ին France 2 հեռուստաալիքով։
Այս զրույցում Մակրոնը Պուտինին ասել է, որ ինքը «թքած ունի» Դոնցեկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների առաջարկների վրա։ Նրա կարծիքով՝ իրենք իրավունք ունեն միայն արձագանքել ուկրաինական առաջարկներին։ Մակրոնը Պուտինին հրավիրել է նաև առաջիկա օրերին Ժնևում հանդիպել ԱՄՆ նախագահի հետ, ինչին ՌԴ նախագահը պատասխանել է, որ սկզբունքորեն համաձայն է։ Դատելով սղագրությունից՝ զրույցը երբեմն ընթացել էր լարված տոնով։