Այլ պետության տարածքում հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլ պետության չեն հանձնվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան, կարող են հանձնվել օտարերկրյա պետությանը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու կամ պատիժը կրելու համար:
Նշված հոդվածի երկրորդ մասում նշված անձինք օտարերկրյա պետությանը չեն հանձնվում, եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ հանձնումը պահանջվել է նրանց ռասայական, կրոնական, ազգային, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական կարծիքի պատճառով հետաքննության կամ պատժի կիրառման համար:
Ոչ ոք չպետք է հանձնվի օտարերկրյա այն պետությանը, որտեղ լուրջ վտանգ կա, որ նրան կարող են սպառնալ խոշտանգումներ կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ:
Եթե հանցանք կատարած անձանց հանձնելը պահանջող երկրի օրենքներով տվյալ հանցագործության համար մահապատիժ է նախատեսված, ապա հանցանք կատարած անձանց հանձնումը կարող է մերժվել, եթե պահանջող կողմը պահանջ ստացող կողմին բավարարող երաշխիքներ չներկայացնի, որ մահվան դատավճիռ ի կատար չի ածվի:
Հանցանք կատարած անձին հանձնելուց հրաժարվելու դեպքում օտարերկրյա պետության տարածքում կատարված հանցագործությունների համար քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: