Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Հակոբ Բալայանը: Այս մասին Iravaban.net-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը։
Նշենք, որ Բալայանը 2018-ի հոկտեմբերից զբաղեցրել է վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 2021 թվականի սեպտեմբեի 1-ից էլ նույն վարչական շրջանում ղեկավարի պաշտոնակատար էր:
«Քանի որ քաղաքապետը գործուղման մեջ է, դեռ չի հասցրել պաշտոնապես ներկայացնել աշխատակազմին»,-նշեց Գևորգյանը։
Հակոբ Բալայանից առաջ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն էր Արման Աբրահամյանը:
Նա հրաժարական տալու մասին հայտարարություն էր ներկայացրել, որում նշվում էր․ «Սիրելի՛ էրեբունցիներ, մոտ երեք տարի առաջ մենք միասին սկսեցինք աշխատել, պլաններ կազմել ու կյանքի կոչել տարբեր ծրագրեր ու վստահ եմ ՝ այսուհետ նույնպես այդ բարի ավանդույթներն ու լավ նախաձեռնությունները շարունակական են լինելու՝ ի նպաստ Էրեբունու բարօրության։
Ես փորձել եմ բոլոր նախաձեռնությունների հիմքում դնել օրենքը և գործել բացառապես այդ տիրույթում, ստեղծելով նորը՝ զարգացնելով հինը։
Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել իմ բնակիչներին, աշխատակազմին, մեր հավատարիմ գործընկերներին։
Սիրելի՛ էրեբունցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները՝ որպես վարչական շրջանի ղեկավար։
Ցանկությունս մեկն է՝ խաղաղություն մեր երկրին»: