1,5 տարի ժամանակ ունենք՝ լուծումներ գտնելու համար. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին

Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը Հայաստանը, նոյեմբերի 9-ից սկսած, քննարկել է Արցախի գործընկերների հետ, կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Արցախի իշխանություններն այս մասով աշխատանքներ են տանում։ Սրա մասին նաեւ հրպարակային խոսել են: Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք», – նշեց նա:

ԱԽ քարտուղարն ասաց, թե, երբ փորձել են առաջ տանել խաղաղության օրակարգը, խոսել են հնարավոր խնդիրների մասին. «Այնպես չէ՝ երբ խոսել ենք խաղաղության օրակարգի մասին, մտածել ենք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու, մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք՝ որպեսզի կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապահովել, դրա հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։

Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, բայց նաև հասկանում ենք, որ միայն Հայաստանից չէ դա կախված, նաև դա է պատճառը, որ աշխատում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ, որ խաղաղության օրակարգն առաջ տանենք», – հայտարարեց Արմեն Գրիգորյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել