Հանձնաժողովները իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում են խորհրդարանական լսումներ` այդ մասին տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին:
Լսումների օրը, ժամը և անցկացման վայրը, ինչպես նաև զեկուցողների ու հրավիրվածների ցանկը հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ: Լսումների անցկացման օրը չպետք է համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ:
Լսումների կազմակերպման մասին տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին:
Լսումներն անցկացվում են դրանք կազմակերպող հանձնաժողովների կողմից հաստատված ընթացակարգով:
Լսումները վարում են դրանք կազմակերպող հանձնաժողովի նախագահները կամ օրենքով նախատեսված դեպքում՝ նրանց տեղակալները, իսկ դրա անհնարինության դեպքում հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։
Լսումները կազմակերպող հանձնաժողովը կարող է նախապատրաստել լսումների արդյունքներն ամփոփող նյութեր (լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ և այլ տեղեկություններ), որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի առաջարկությամբ` Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ: