Ընտանեկան վեճերը, գրեթե միշտ, իրենց բացասական ազդեցությունն են թողնում երեխաների վրա։ Հաճախ ծնողները, երեխաներին դարձնելով իրենց վրեժխնդրության գործիք, արգելում են երեխայի շփումը հակառակ կողմի և նրա ազգակաների հետ, առանց հաշվի առնելու երեխայի կարծիքը։ Սակայն այս խնդիրը ունի իր լուծումը ՀՀ ընտանեկան օրենսգիրքի 56-րդ հոդվածի համաձայն , որը սահմանում է պապերի, տատերի, եղբայրների, քույրերի և այլ ազգականների՝ երեխայի հետ շփվելու իրավունքը։
Համաձայն այդ օրենքի երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ։
Իրավաբան.net-ի հետ զրույցում «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան Կարեն Քոչարյանի խոսքով` մերձավոր ազգականների հետ երեխային շփվելու հնարավորություն տալուց ծնողների կամ նրանցից մեկի մերժման դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է պարտավորեցնել ծնողներին կամ նրանցից մեկին` չխանգարելու այդ շփմանը։
«Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն կատարում խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը, երեխայի մերձավոր ազգականները կարող են երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու հայցով դիմել դատարան։ Դատարանը վեճը լուծում է՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը»,- նշեց նա: