Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 29-ին, ՀՀ գլխավոր դատախազ է ընտրում։ Այդ պաշտոնում խորհրդարանական մեծամասնությունը առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը։
Թեկնածուն իր ելույթում նշեց, որ ինքը 7 խնդիր է առանձնացրել, որոնք տեսնում է մինչդատական վարույթում։
«Թիվ մեկ խնդիրը, որն իմ ուշադրության կենտրոնում է գտնվել ու հետագայում էլ գտնվելու է, անկախ իմ զբաղեցրած դիրքից, ուշացած արդարադատությունն է։ Մենք անընդհատ խոսում ենք գործերի քննության ձգձգումներից. այո՛, դատարաններում գործերը՝ միջին ծանրության հանցագործությունները, կարող են տևել հինգ տարի՝ մի օր դատախազը չի գալիս, մի օր փաստաբանն է հիվանդ, մի օր դատավորն է վերապատրաստման, ու այսպես անընդհատ գործերը ձգձգվում են»,-ասաց նա։
Վարդապետյանի խոսքով՝ գրեթե նույն խնդիրն է մինչդատավարական վարույթում. կան նշանակված փորձաքննություններ ու տևում է երեք տարի։
Գլխավոր դատախազի թեկնածուի խոսքով՝ միայն արդյունավետ դատախազական հսկողությունը թույլ կտա լուծել այս խնդիրները, գոնե, մինչդատավարական վարույթում, իսկ արդյունավետ դատախազական հսկողությանը կարելի է հասնել հետևողական դատախազով։
«Եթե դատախազը հետևողական է գործի քննության նկատմամբ, քաղաքացին չի գալու կառավարության դռների դիմաց, Ազգային ժողովի դիմաց ու պահանջի իր գործի քննությունը»,-ասաց նա։
Վարդապետյանն ընդգծեց՝ իր համար խնդիր է, երբ քննիչն ու դատախազն իրար հետ չեն խոսում։
Ըստ նրա՝ սա բերում է երկար փաստաթղթաբանության՝ արդյունքում խոցելի վիճակի մեջ դնելով տուժողին. տուժողը ստիպված է լինելու երկու գերատեսչությունների թղթաբանության մեջ անընդհատ փնտրել իր հարցերի պատասխանը, գտնել փաստաբան, վճարել փաստաբանին ու հայտնվել տեղապտույտի մեջ, մինչև կհոգնի, իսկ վատագույն դեպքում կհասնի ՄԻԵԴ։
«Ես կարծում եմ, որ շատ կարևոր է համագործակցված աշխատանքը»,-նշեց Գլխավոր դատախազի թեկնածուն։
Վարդապետյանը կարևորում է, որ Հայաստանում բացառվի հովանավորչությունը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով։
Մանրամասները՝ տեսանյութում։