Մամուլը հեղեղված է ՔՊ-ական պաշտոնյաների հարազատների կողմից արձակված կրակոցների հետևանքով զոհի և վիրավորների մասին տեղեկություններով։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Քիչ առաջ Հանրապետական հիվանդանոցից ինձ հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 3-րդի կյանքին վտանգ չի սպառնում (վնասվել է թոքը), ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներից մեկին արդեն տեղափոխում են «Աստղիկ» ԲԿ (բժիշկները, ցավոք, հույս չեն տալիս)։
Սահմանից դուրս թուրքն է կրակում, սահմանից ներս՝ նիկոլենք»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 19-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Նշվում է, որ ժամը 20:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի: Վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ 6 հոգի տեղափոխվել են. մի մասը՝ Երևանի «Արմենիա», մի մասը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիների միջև, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։