«Բոլորս գիտենք, թե ինչու եմ ես այստեղ նստած». կայացավ Մամիկոն Ասլանյանի գործով դատական առաջին նիստը

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 10-ին, քննվում էր Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը:

Գործով դատախազն ասաց, որ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը իրավաչափ է, քանի որ ազատության մեջ գտնվելով՝ նա կարող է օգտագործել իր կապերը և գործին վերաբերող էական հանգամանքների վրա ազդեցություն ունենալ:

Մամիկոն Ասլանյանի պաշտպան Ե. Վարոսյանն ասաց, որ պետք է լինեն փաստական տվյալներ, որոնց վրա հիմնվելով կկարողանան դատողություններ անել և ասել, որ Մամիկոն Ասլանյանը չի կարող լինել ազատության մեջ, քանի որ նրա նախկինում համայնքի ղեկավար լինելը կարող է գործի վրա որևէ ազդեցություն ունենալ:

«Մենք քննարկման առարկա ենք դարձնելու երկու հարց. մեղադրանքում նշված մի քանի հողատարածքների նպատակային նշանակության համապատասխանելիությունը՝ հաստատված քարտեզի, իրականացվել է ճի՞շտ, թե սխալ: Հողատարածքների գործառական նշանակությունը փոխվել է ճի՞շտ, թե սխալ: Առաջին հերթին մենք քննարկման առարկա ենք դարձնելու այս հանգամանքները»,-նշեց պաշտպանը:

Նա ասաց, որ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրելու հիմք գոյություն չունի:

«Սակայն, եթե դատարանը համարի, որ անհրաժեշտություն կա խափանման միջոց ընտրելու, ապա պետք է ընտրվի անազատության հետ չկապված խափանման միջոց»,-ասաց Վարոսյանը:

Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանն ասաց, որ քրեական գործում որևէ մի վկայի ցուցմունք իր պաշտպանյալի դեմ չէ:

«Մամիկոն Ասլանյանի դեմ երբևէ որևէ անձ ցուցմունք չի տվել, հիմա հարց է առաջանում՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում ինչպե՞ս կարող է Մամիկոն Ասլանյանը ազդել ինչ-որ վկայի վրա: Բացի այդ, պաշտպանական կողմի դիրքորոշումը կայանում է նրանում, որ Մամիկոն Ասլանյանի կողմից ընդունված վարչական ակտերն այս պահի դրությամբ էլ համարվում են իրավաչափ վարչական ակտեր: Որպեսզի դրանք համարվեն ոչ իրավաչափ վարչական ակտ, առնվազն պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը և Վճռաբեկ դատարանը կայացրել են անհեթեթ որոշումներ և այդ որոշումները չպետք է կիրառման ենթակա լինեն: Մեղադրական եզրակացության մեջ չկա գեթ մեկ ապացույց, որ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումները կիրառելի չեն: Ավելի կոնկրետ՝ կադաստրի աշխատակցի ցուցմունքով չի կարող որոշվել Սահմանադրական դատարանի որոշումն իրավաչափ է, թե ոչ»,-նշեց Արտակ Ոսկանյանը:

Մամիկոն Ասլանյանը խոսքի իրավունք խնդրեց և ասաց, որ հորդորում է՝ դատավարության մասնակիցները դառնան արդարադատություն իրականացնողների մի մասնիկը:

«Հռետորական հարց եմ ուզում հնչեցնել՝ մեղադրող կողմը քրեական գործի ծագման, իմ կալանքի հետ կապված ոչ դատական պրոցեսներին ևս ծանո՞թ է, թե ինքը միայն, որպես դատավարության մաս է հանդես գալիս: Դատավորին ևս հարցնում եմ՝ այս քրեական գործը ո՞նց է ծնվել: Այս քրեական գործը ծնվել է չգիտեմ ինչ ընտրովիության սկզբունքի վրա և  մեր 650 օտարված հողամասերից ընտրվել է 4-5 գործ և 17-18 դրվագով ներկայացվել: Կարելի էր գրել նաև 1300 դրվագ, քանի որ մենք 650 հողամասի առ ու ծախ ենք ունեցել: Եկեք մենք ավելի շատ արդարադատության իրականացմանը մասնակցենք, մենք ոչ մի քաղաքական երանգավորում չենք ուզում տալ, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչու եմ ես այստեղ նստած»,-նշեց նա:

Մամիկոն Ասլանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանն առաջարկեց խափանմանի միջոցը փոխարինել գրավով. «Գրավի առավելագույն չափի սահմանումն էլ թողնենք Ձեր հայեցողությանը»:

«Ես ինձ համարում եմ այս երկրի օրինապահ քաղաքացիներից մեկը: Ես այս երկրի ստեղծման բոլոր փուլերում եղել եմ օրինապաշտ և իմ որևէ գործունեության փուլում «ձախ» գործողությունների անողի համբավ չեմ ունեցել: Կարծում եմ նաև դա է պատճառը, որ 2016 թվականին, երբ իշխանության էին «նախկինները» ես ընտրվեցի և նաև 2021 թվականին իմ ստեղծած դաշինքով ևս մեկ անգամ ընտրվեցի Վանաձոր համայնքի ղեկավար: Ձեր միջամտությամբ արդարադատություն իրականացնելու հույսը պիտի չմարենք: Ձեզանից ընդամենը խնդրում ենք՝ արդարադատություն իրականացնելու խաչը վերցրեք Ձեր ձեռքը»,-ասաց Մամիկոն Ասլանյանը:

Նա նշեց, որ իրեն մեղսագրվող ծանր հանցանքներից մեկն այն է, թե ինքը ապօրինի կերպով գերեզմանի տարածք է տրամադրել:

«Գերեզմաններից մեկում թաղումներ են սկսել կատարվել 2020 թվականին, երբ երկրում ռազմական և արտակարգ դրություններ էին: Եթե ապօրինի տարածք տրամադրելու հետևանքները վերացնելը բուլդուզերով այն քանդելն է, ապա ես չէի գնա այդ քայլին, եթե անգամ դա ամենաբարձր օրենքը լիներ: Ես դեմ չէի գնա մեր մենթալիտետին: Այնտեղ թաղված են քովիդի հետևանքով մահացած ընտանիքներ, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս: Այս գերեզմանները վերացնելու ձևը ես չգիտեմ»,-նշեց Մամիկոն Ասլանյանը:

Դատավոր  Մարտին Արզումանյանն ասաց, որ որոշումը կհրապարակվի հունիսի 13-ին, ժամը 18:00-ին:


Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի ( Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 309-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:

—————————–

 Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերաքննիչ բողոքը

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել