«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի՝ բրիտանական Ուեսթմինսթերում գտնվող 8,73 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարանն առգրավվել է՝ հիփոթեքի գումարը չվճարելու պատճառով։ Այս մասին գրել է Daily Mail-ը:
Նշվում է, որ դատավորը կարգադրել է առգրավել շքեղ բնակարանը, որից տեսարան է բացվում դեպի Բուքինգհեմյան պալատը և թագավորական այգիները, այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ 40-ամյա Նատալյա Ռոտենբերգը «ընդհանրապես չի վճարել» գույքը գնելու համար տրամադրված վարկի համար: Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Նատալյա Ռոտենբերգը բնակարանը գնել է իր անունով՝ վերցնելով 1,3 մլն ֆունտ ստերլինգ վարկ: Բայց քանի որ նա պահանջված վճարումները չի արել, պարտքի չափը հասել է 1,6 մլն ֆունտ ստերլինգի:
Պարբերականը նշում է, որ Նատալյան 69-ամյա Արկադի Ռոտենբերգի նախկին կինն է, ով 2014 թվականին Ղրիմի Ռուսաստանի կողմից բռնակցվելուց հետո ենթարկվել է պատժամիջոցների Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից: