Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Հայաստանում հանդիպել է Արցախի նախագահի և Հանրապետության նախկին ղեկավարների հետ:
Ինչպես հաղորդվում է պատգամավորի Telegram-ալիքում, հունիսի 1-4-ը նա գտնվում էր Հայաստանում: Այցի նպատակն էր՝ ծանոթանալ ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, զարգացնել կապերը ռուս հայրենակիցների հետ:
«Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր նախկին նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի (Հայաստանի Հանրապետության նախագահ 1998-2008 թթ.), Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաեւ ԼՂՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Պատգամավորը նաեւ խոսել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի եւ Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ: Բացի այդ, Երեւանում ՌԴ դեսպանատանը հունիսի 4-ին կայացել է Զատուլինի հանդիպումը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Նշվում է, որ ընկերների եւ գործընկերների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում հստակեցվել են Հայաստանում Լազարյան ակումբի հաջորդ նիստի անցկացման, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի գործունեության հեռանկարները: