Ծորակից վերցված խմելու ջրի նմուշները չեն համապատասխանել նորմերի պահանջներին. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Գեղարքունիքի մարզի սահմանամերձ մի քանի համայնքներում խմելու ջրի նմուշները չեն համապատասխանում նորմերի պահանջներին. այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Մարզային հերթական այցելություններիս ժամանակ ս․թ․ հունվար ամսին եղել եմ Գեղարքունիքի Վարդենիսի Սոթք, Կութ, Նորաբակ բնակավայրերում։ Բնակիչները տեղում հրատապ խնդիր էին բարձրացրել առ այն, որ Գեղամասար և Սոթք համայնքներին սպասարկող «Տերտերի ձոր» կոչվող հատվածով անցնող՝ 2002թ․ կառուցված ջրատարը, Նորաբակ համայնքի ջրային ակունքի տարածքը, Գեղամաբակ և Ջաղացաձոր համայնքների ջրային ակունքը թշնամու ներխուժման հետևանքով գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Բնակիչները խմելու ջրից թունավորման մտավախություններ ունեին, ինչի համար ջուրը բերում էին հարակից համայնքներից, որն էլ բազում անհարմարությունների պատճառ էր դարձել։

Այսպիսով, նախորդ տարվա մայիսի 13-ից ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման արդյունքում մարդիկ զրկված են կենսական իրավունքներից, ուստի խնդրի լուծման ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտություն կար։ Պաշտոնական գրություններիս ի պատասխան քանի դեռ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում էր, որ վերջին անգամ ս.թ. հունվար ամսին և փետրվար ամսվա 1-ին տասնօրյակում իրականացված հետազոտությունների արդյունքում սահմանված նորմերից շեղումներ չեն հայտնաբերվել, Ջրային կոմիտեն էլ նշում էր, որ այդ բնակավայրերը չեն գտնվում «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության սպասարկման տարածքում և առաջարկում էր դիմել լիազոր պետական մարմնին, աշխատեցի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ:

Եւ ահա տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ի պատասխան իմ գրության, հայտնում է, որ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի մասնագետների կողմից իրականացվել է Վարդենիս, Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամասար, Գեղամաբակ, Ջաղացաձոր համայնքների ջրամատակարարման համակարգերի զննում, որի արդյունքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի Կարգադրագրով կասեցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր բնակավայրի մի մասի և ամբողջ Գեղամաբակ բնակավայրի ջրամատակարարումն ապահովող և ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը։

Ի թիվս այլ խնդիրների՝ նշվում է, որ Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամասար, Գեղամաբակ և Ջաղացաձոր բնակավայրերի խմելու ջրի որակի նկատմամբ արտադրական հսկողություն չի իրականացվում, իսկ մանրէաբանական և սանիտարաքիմիական հետազոտությունների արդյունքների՝ Սոթք բնակավայրի «Զավենի Ձոր» աղբյուրի ջրի ծորակից, Նորաբակ բնակավայրի գյուղամիջյան սկզբնամասի խմելու ջրի ծորակից, Ջաղացաձորի գյուղամիջյան առաջին աղբյուրի ծորակից վերցված ջրի նմուշները չեն համապատասխանել Նորմերի պահանջներին:

Իմ կողմից բարձրացված խնդրի լուծումը մոտ 5 ամիս է, դեռ չկա: Տեղեկացա, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից Վարդենիս համայնքի ղեկավարին տրվել է Կարգադրագիր՝ 30-օրյա ժամկետում արձանագրված խախտումները վերացնելու համար։ Հետեւողական կլինեմ, որպեսզի ՀՀ սահմանամերձ շրջանի բնակիչների կենսական խախտված իրավունքները վերկանգնվեն եւ մարդկանց առողջությունը չվտանգվի՝ միայն ծորակից ջուր խմելու պատճառով»,- գրել է նա:

Հնարավոր է սա 1 անձ-ի նկարն է
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել