Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ հաստատվել է կապիկի ծաղիկով վարակվելու շուրջ 80 դեպք, ևս 50 դեպքի առնչությամբ մասնագետներն ուսումնասիրություններ են անում:
«ԱՀԿ-ն և նրա գործընկերներն աշխատում են՝ հասկանալու կապիկի ծաղիկի տարածման մակարդակն ու բռնկման պատճառները: Վերջին բռնկումները, որոնց մասին տեղեկություններ ստացվել են 11 երկրից, համարվում են ոչ տիպիկ, քանի որ գրանցվել են երկրներում, որոնք էնդեմիկ չեն: Արձանագրվել է շուրջ 80 հաստատված դեպք, ևս 50-ը սպասում են ուսումնասիրության ավատին»․-Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասվում է ԱՀԿ-ի «Թվիթեր»-ի գրառման մեջ:
Կազմակերպությունից հստակեցրել են, որ կապիկի ծաղիկը տարածվում է սերտ շփման ժամանակ, այդ իսկ պատճառով մեծ ռիսկի են ենթարկվում մարդիկ, ովքեր վարակվածների հետ սերտ շփման մեջ են եղել: Մասնավորապես, խոսքը առողջապահական ոլորտի աշխատակիցների, ընտանիքի անդամների մասին է:
Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:
Լուսանկարը՝ BBC-ի