Թրամփը 110 հազար դոլար տուգանք է վճարել Նյու Յորքի դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 110 հազար դոլար տուգանք է վճարել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի գրասենյակի տվյալները, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Վճարումը կատարվել է անցած հինգշաբթի։ Նյու Յորքի գլխավոր դատախազը դժգոհել է, որ Թրամփը, չնայած դատախազության պահանջին և դատարանի որոշմանը, հրաժարվել է տրամադրել իրենից պահանջված փաստաթղթերը ընթացիկ հետաքննության շրջանակներում։ Դատարանը Թրամփին պարտավորեցրել է օրական 10 հազար դոլար վճարել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Այնուհետև, այս որոշումը կասեցվել է այն բանից հետո, երբ նախկին նախագահի պաշտպանները դատախազություն են ներկայացրել պահանջված փաստաթղթերից մի քանիսը։ Միաժամանակ դատարանը նրան պարտավորեցրել է վճարել 110 հազար դոլար՝ ապրիլի վերջից կուտակված տուգանքի չափը, որի ընթացքում Թրամփը անհրաժեշտ փաստաթղթերը չի տրամադրել:

Նշենք, որ 2021 թվականի հուլիսին Trump Organization-ին և նրա գլխավոր ֆինանսական տնօրեն Ալեն Վեյսելբերգին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու, խարդախության, յուրացումների և կեղծիքների համար:

ԱՄՆ նախկին նախագահին դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Ընկերությունը, մասնավորապես, կասկածվում է վարկեր ստանալու նպատակով իր ակտիվների արժեքը արհեստականորեն ուռճացնելու մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել